Լիլիթ Մարտիրոսյան

Լիլիթ Մարտիրոսյան

 

Ողջույն, Լիլիթ: Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին:

Ծնվել եւ մեծացել եմ Գյումրիում՝ ավերիչ երկրաշարժի տարում։ Ունեմ հիանալի ծնողներ եւ մեծ եղբայր, ովքեր միշտ իմ կողքին են եւ աջակցում են ինձ։ Ընտանիքումս արվեստագետները շատ են եւ մեծացել եմ արվեստի ոգով: Սովորել եմ օտար լեզուների ֆակուլտետում։ Կրթության ընթացքում տիրապետեցի ռուսերենին, անգլերենին, պարսկերենին եւ իսպաներենին։ Իմ հետաքրքրություններից մեկը լեզուներ սովորելն է եւ այլ ազգերի մշակույթին ծանոթանալը։ Ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ռազմավարական մարկետինգի կուրս անցա։ Կրթությունը մեծ դեր ունի իմ կյանքում, ես այն շատ եմ կարեւորում՝ որպես անհատ ձեւավորվելու հարցում։ Միաժամանակ գրական փորձեր եմ անում եւ նկարում։ Հաղթելով Չեխիայում կազմակերպված նկարչական ցուցահանդեսում` UNESCO-ի կողմից դիպլոմի արժանացա։

Ինչպե՞ս որոշեցիք մոդել դառնալ:

Երբեք չեմ մտածել մոդել դառնալու մասին, ոչ էլ մանկությանս երազանքն է եղել։ Ամեն ինչ շատ պատահական ու գեղեցիկ է սկսվել։ 2012 թվականին մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը եւ ընդգրկվեցի լավագույն տասնյակում։ Չտխրեցի,քանի որ ինձ համար իրական մեծ հաղթանակն այն էր, որ դահլիճում նստած էր Հայաստանի լավագույն մոդելային գործակալության՝ «Ատեքսի» տնօրեն Օլգա Լավրինենկոն, ով նկատելով ինձ՝ առաջարկեց պայմանագիր կնքել։ «Ատեքսի» մոդելային դպրոցում սովորեցի վեց ամիս: Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ, որոնց ինքս էլ չեմ հավատացել։

Հայ դիզայներներից, լուսանկարիչներից ու՞մ հետ եք աշխատել:

Հայ դիզայներներից համագործակցել եմ Գայանե Մարտիրոսյանի, Վահան Խաչատրյանի, Ֆաինայի, Արամ Նիկոլյանի, Լիլիթ Մելիքյանի և այլոց հետ: Լուսանկարիչներից համագործակցել եմ Գագիկ Հարությունյանի, Արվին Քոչարյանի, Արտաշես Մարտիրոսյանի, Արմեն Տեր-Մկրտչյանի, Johny Core-ի, Դավիթ Դավթյանի, Խչո Էլլոյանի, Inna Art Photografy-ի և այլոց հետ:

 

Լիլիթ Մարտիրոսյան

 

Դուք բավականին հարուստ մոդելային կենսագրություն ունեք և այսօր Հայաստանի ամենապահանջված մոդելներից մեկն եք: Հաճախ ենք հանդիպում, երբ մի քանի պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալով՝ մարդիկ իրենց մոդել են համարում:  Ի՞նչ կասեք այդ մասին: 

Միգուցե նրանց մեջ շատ մեծ է մոդել դառնալու ձգտումը, ինչն, իրոք, շատ հաճելի է տեսնել: Թող իրենց մոդել համարեն և ուրախ լինեն, թեկուզև դա այդպես չլինի: Մեծ ցանկության և աշխատասիրության դեպքում, վստահ եմ, իրենք կհասնեն իրենց նպատակին:

Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի Հայաստանը մոդելինգի կայացման ու զարգացման հարցում: Որո՞նք կարող են լինել դրան խթանող և խանգարող գործոնները:

Կյանքն անկանխատեսելի է, և ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Դա բավականին դժվար հարց է:

Հաճախ ենք Ձեզ տեսնում ամենատարբեր բարեգործական միջոցառումների ժամանակ: Ի՞նչն է Ձեզ ստիպում կանգնել նրանց կողքին, ովքեր Ձեր կարիքն ունեն:

Ես եմ իմ բարեգործական ակցիայի հիմնադիրը, որը կոչվում է «Մեկնիր ձեռք» և արդեն երեք տարեկան է: Ինքս այցելում եմ Գյումրու տնակային ավաններ, օգնում եմ տնակներում ապրող երեխաներին, ընտանիքներին ու հատկապես մանկուց հաշմանդամ դարձած երեխաներին: Առաջիկայում ավելի լայնածավալ աշխատանքներ են սպասվում:

Որո՞նք եք ցայսօր Ձեր ամենամեծ ձեռքբերումները համարում:

«Թոփ մոդել Հայաստան» մրցույթում հաղթանակը, մասնակցությունը «Թոփ մոդել Աշխարհ» մրցույթին ու մասնակցության հրավերը «Միսս Երկիր 2015» մրցույթին: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պարոն Աշոտ Խաչատրյանին այս ամենի հարցում ինձ սատարելու համար:

Շուտով մասնակցելու եք «Միսս Երկիր 2015» մրցույթին: Ներկայացրեք, խնդրեմ, թե այդ մրցույթն ինչ է իրենից ներկայացնում և ի՞նչ սպասելիքներ ունեք:

Այն աշխարհի երեք հիմնական ու ամենահզոր մրցույթներից մեկն է և համարժեք է «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ» մրցույթներին: Տեսնելով բոլոր միջազգային ուշագրավ կայքերի անդրադարձը ինձ ու Հայաստանի նորամուտին՝ շատ դրական եմ տրամադրված և շատ ոգևորված եմ: Կեցցե՜ Հայաստանը: (Հեղինակ՝ ժպտում է)

 Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան

 

скачать dle 10.4фильмы бесплатно